Մարդիկ չեն հավատում, որ այսուհետ այլ կերպ է լինելու, ասում են՝ ընտրություններն անցավ, դե եկեք «նորմալ» աշխատենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, Կառավարության նիստում ճանապարհաշինության խնդիրների քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի մեկնաբանությանը, որ ճանապարհաշինության աշխատանքներ կատարողների առջեւ խիստ չափանիշներ են դրել եւ ընկերությունները պահանջներին պետք է համապատասխանեն, վարչապետն արձանագրեց, որ ձգձգման պրակտիկային պետք է վերջ տալ:

«Մարդիկ չեն հավատում, որ այդպես է լինելու: Ասում են՝ ընտրություններն անցավ, դե եկեք «նորմալ» աշխատենք: Այս թատրոնը հերիք ա: Որովհետեւ երբ նախագիծը հետ եք տալիս, մարդիկ ոչ թե գնում են այդ նախագիծն ուղղելու, այլ մտածում են, թե որ ճանապարհով գնան, որ ընդունվի այն»,-ասաց Փաշինյանը:

Հակոբ Արշակյանը նշեց, որ իրենք հստակ մեսիջները հղում են, եւ կարծում է, որ կհասկանան: Նիկոլ Փաշինյանն այլ կարծիքի էր. «Ես վստահ չեմ, որ կհասկանան: Ես մի անգամ «Կարգին հաղորդման» սկետչերից մեկը նախկինում Ազգային ժողովում ներկայիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ եմ մեջբերել:

Գալիս եմ այն եզրակացության, որ այդ սկետչին պետք է կարգավիճակ տալ, որ վերջում ասում է՝ շեֆ ջան, ոնց որ տենց չոտկի չէիր ասում: Սա լուրջ համակարգային պրոբլեմ է, մշակութային մակարդակի պրոբլեմ է: Երբ մեկի նախագիծը մերժում ես, մտածում է՝ տենաս ինչի էս նախարարն հետս չունի, ինչի չի ուզում իրար հետ լավ լինենք, ում միջնորդենք: Բայց երբեք չի մտածում, որ խաբեություն չկա, պարզապես նախագիծը  իրոք անորակ է»,-ասաց նա: