Չինաստանը հույս ունի, որ առեւտրատնտեսական բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու ԱՄՆ ցանկությունն անկեղծ է, ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հույս էր հայտնել, որ կողմերը նորից կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, իսկ երկու երկրների ղեկավարները կհանդիպեն հունիսի վերջին։

«Մեր դռները բաց են երկխոսության համար, բայց բանակցությունները պետք է իմաստ ունենան եւ անկեղծ լինեն։ Փոխշահավետ համաձայնագիրը պետք է հիմնվի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա, ուստի մենք հույս ունենք, որ ԱՄՆ ցանկությունը՝ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, անկեղծ է»,- ճեպազրույցում ասել է Լու Կանը։

Ամերիկա-չինական առեւտրային բանակցությունների հերթական փուլն անարդյունք ավարտվել է անցած շաբաթ՝ կապված չինական ապրանքների հանդեպ ամերիկյան տուրքերի բարձրացման հետ։ ԱՄՆ-ը տուրքերը 10 տոկոսից բարձրացրել է 25 տոկոսի չինական մոտ 200 մլրդ արժողությամբ ապրանքների նկատմամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է սկսել տուրքերի բարձրացման գործընթացը մնացած չինական ապրանքների հանդեպ, որոնք գնահատվում են մոտ 300 մլրդ դոլար։ Ի պատասխան՝ երկուշաբթի Չինաստանի ֆինանսների նախարարությունը տեղեկացրել է, որ Պեկինը հունիսի 1-ից կբարձրացնի ԱՄՆ-ից ներկրվող 60 մլրդ դոլարի ապրանքների մաքսատուրքերը։