Թրաֆիքինգի զոհ ճանաչված երեխաներին կտրամադրվի 250 հազար դրամ միանվագ օգնություն: Մայիսի 23-ին ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հավանություն ստացավ «Թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրինագիծը:

Զեկուցողը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի առաջին փոխնախարար Գամաֆին Գասպարյանը պարզաբանեց, որ օրենքը թույլ է տալիս հատուկ կարգի տուժածներին, մինչեւ 18 տարեկան անձանց դրամական միջոցների տեսքով միանվագ օգնության տրամադրման մեխանիզմներ ստեղծել:

Հանձնաժողովը նաեւ հավանություն տվեց «Բռնաճնշված անձանց մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որի համաձայն՝ բռնաճնշված անձի առաջին ժառանգորդին տեղեկանք տրամադրելու կամ տրամադրելը մերժելու մասին որոշումն ընդունում է արդարադատության նախարարը՝ հաշվի առնելով տեղեկանք տրամադրելու հարցով հանձնաժողովի եզրակացությունը:

Ի պատասխան իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի խնդրանքին՝ հստակեցնել, թե ով կարող է համարվել բռնաճնշված անձի առաջին ժառանգորդ, զեկուցողը՝ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը, նշեց, որ բռնաճնշված անձի առաջին ժառանգորդին տեղեկանքը տրամադրվում է այն դեպքում, եթե բռնաճնշվածը մահապատժի է դատապարտվել, մահացել է պատիժը կրելիս կամ պատիժը կրելուց հետո, այսինքն՝ բռնաճնշված անձի մահվան դեպքում: