Ռուսաստանի հետ ակտիվ աշխատում ենք, ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ, որեւէ խնդիր չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանում իրեն համարում են արեւմտյան գործիչ եւ չեն ընդունում, քանի որ տարիներ առաջ մասնակցել է հակառուսական ակցիաների։

«Այդ հարցը, կարծում եմ, մոտ մեկ տարվա հնության հարց է, հայ–ռուսական հարաբերություններում ես որեւէ խնդիր չեմ տեսնում, իմ մակարդակով մենք ակտիվ աշխատում ենք, ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ, ունեցել ենք արդեն 3 հանդիպում, շուտով՝ հունիսի 18-ին կհանդիպենք Ռուսաստանում, նաեւ երեւի Պատրուշեւի այց կլինի Հայաստան, այդ հարցը բանակցությունների մեջ է, հետագայում կհստակեցնենք»,–նշեց նա։

Լրագրղնի հարցին՝ նախկինում խնդի՞ր եղել է Ռուսաստանի հետ, քանի որ ինքը հակապուտինյան ակցիաներ է արել, պաստառներ է պահել, Ախ քարտուղարը հակադարձեց լրագրողին.  «Դուք սուտ եք ասում։ Սա շահարկվում է, բազմիցս սրան հստակ պատասխան տրվել է։ Եթե դուք կբերեք եւ ցույց կտաք, որ ես հակապուտինյան ակցիաներ եմ արել, կշարունակենք խոսակցությունը»։