Հայաստանը հետաքրքրված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով եւ Չինաստանի ղեկավարությունը եւս հետաքրքրված է, որ Հայաստանը հնարավորինս ինտենսիվ այս ծրագրին մասնակցի: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Չինաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով իրեն հավաստիացրել է, որ իրենք շահագրգռված են Չինաստանի շուկան Հայաստանում արտադրված ապրանքների համար հասանելի դարձնելու առումով:

«Եվ մենք պետք է մեր գործարարների, այդ թվում գինիների, ալկոհոլային խմիչքների, այլ արտադրանքի, սննդի արդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունների հետ աշխատանքներ տանենք: Բոլոր տեսակի հայկական արտադրանքի հետ կապված նրանք շատ հստակ իրենց պատրաստակամությունը եւ քաղաքական կամքը արտահայտեցին, եւ ես կարծում եմ, որ հիմա շատ կարեւոր է այդ պոտենցիալ արտահանող ընկերությունների հետ լինել մշտական հաղորդակցության մեջ, պարոն Խաչատրյան, նաեւ Չինաստանի մեր գործընկերների, որովհետեւ կան որոշակի ստանդարտների եւ այլ խնդիրներ»,- ասաց նա:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է հասկանալ, որտեղ կան անհամապատասխանություններ, որոնք զուտ տեխնիկական խոչընդոտներ են հարուցում, որպեսզի դրանք լուծելու ուղղությամբ քայլ առ քայլ առաջ շարվի գործադիրը:

«Որեւէ կասկած չկա, վստահեցնում եմ, որ Չինաստանի շուկան մեր ապրանքների համար բաց է եւ կարող են մեր գործարարները զբաղվել այդ ուղղությամբ: Միակ խնդիրը որ կա, ինչպես բոլոր դեպքերում, կան որոշակի ստանդարտներ եւ մեր գործարարները, գործարանները պետք է կարողանան համապատասխանել այդ ստանդարտներին, որպեսզի մենք այստեղ կարողանանք շատ լուրջ առաջընթաց արձանագրել»,- ասաց վարչապետը: