Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած իմ այցն, ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այցը կարելի է 2 մասի բաժանել՝ առաջին մասը՝ Սպիտակ տանը հանդիպում եմ ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական Ֆիոնա Հիլլի հետ, որի հետ խոսել ենք հայ–ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, գոյություն ունեցող հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու շուրջ։ ԼՂ հիմնախնդրի հարցով Սպիտակ տանը կարեւորել է ԱՄՆ դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր եւ խաղաղության աջակցող երկիր»,–նշեց նա։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Միացյալ Նահանգների կողմից պատրաստակամություն կա ՀՀ–ում բարեփոխումներին աջակցելու, մասնավորապես ոստիկանությունում կատարվող բարեփոխումներին։

Արմեն Գրիգորյանը շեշտեց՝ հնարավորություն է եղել հանդիպել հայ համայնքի հետ. «Եղել եմ Կալիֆոռնիայում, այնտեղ «Ինովեյթ Արմենիա» միջոցառումն է եղել, որի շրջանակներում հնարավորություն է եղել համայնքի հետ համագործակցությունն ավելի ակտիվացնելու»։

ԱԽ քարտուղարը նաև հավաստիացրեց՝ ԱՄՆ իր այցի արդյունքնրը շուտով տեսանելի կլինեն։