Կառավարության այսօրվա՝ մայիսի 23-ի նիստին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի՝ հստակեցվում են զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները եւ այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները։

«Ինչպես նաեւ ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով հավելում է նախատեսվում պաշտոնական պարտակությունների կատարման համար», - ասաց նախարարը՝ հավելելով, որ դրա արդյունքում զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով։

«Մոտավորապես համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով՝ բարձրագույն սպայական կազմի, կրտսեր-ենթասպայական ու շարքային, մոտավորապես ստանալու են հավասարաչափ հավելում եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, եւ պայմանագարային շարքայինը։ Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը», - ասաց Տոնոյանը։

Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք հայտարարել ենք, որ հուլիսից  10 տոկոսով աշխատավարձը կբարձրանա, ուղղակի հիմա այս կարգավորումներով մենք լուծում ենք խնդիր, որ կրտսեր կազմի զինծառայողների եւ հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծխառայողների աշխատավարձի կամ դրամական բավարարման մակարդակը շատ ավելի բարձր կլինի, քան հայտարարվել է: Մենք ասել ենք 10 տոկոսով աշխատավաձը կբարձրանա, բայց կրտսեր կազմինը ու հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինեւ 20 տոկոսով»:

Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ բարձրանում է միջինը 18 տոկոսով կրտսեր-ենթասպայական ու շարքային կազմի համար, բայց այն զինծառայողները, որոնք առանձնահատուկ պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, հավելում է լինելու եւս, այսինքն ավելի շատ է լինելու:

«Շատ շնորհակալ ենք այս նախաձեռնության համար եւ աննախադեպ է տոկոսային առումով միաժամանակյա բարձրացումը», - ասաց Դավիթ Տոնոյանը։

«Մենք ենք շնորհակալ ՀՀ զինված ուժերին, մեր զինվորներին, մեր սպայական կազմին հայրենիքին մատուցած ծառայությունների ու մեր երկրի անվտանգութունը պաշտպանելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։