Սոցիալական դասը, որին պատկանում է մարդը, ազդում է նրա ինքնավստահության մակարդակի վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների գիտնականներն ասում են, որ բարձր սոցիալական դասերի ներկայացուցիչները ավելի հաճախ են հակված գերագնահատել իրենց կարողությունները, տեղեկացնում է Planet-today-ը։

«Մարդիկ, ովքեր ծնվել են սոցիալապես ավելի բարձր կարգավիճակ ունեցող ընտանիքներում, հաճախ միանգամայն անկեղծ հավատում են, որ ինչ-որ արտասովոր կարողություններ ունեն, որոնք անհասանելի են մյուսներին։ Մենք որոշեցինք պարզել, թե որքանով է նկատելի այդ արդյունքը, եւ փորձնական հետազոտություններ անցկացրինք»,- ասում են Վիրջինիայի համալսարանի աշխատակիցները։

Ամերիկացի գիտնականներն ավելի ճիշտ ոչ թե մեկ, այլ միանգամից չորս հետազոտություն են կատարել, որոնց արդյունքներով պարզել են, թե ինչպես է դրսեւորվում բարձր սոցիալական դասերի ներկայացուցիչների չափից ավելի ինքնավստահությունը։

Հետազոտությանը մասնակցել է 150 հազար մարդ Մեքսիկայի փոքր ձեռնարկությունների սեփականատերերից, որոնք  դիմել են ֆինանսական հաստատություններ վարկեր ստանալու համար։ Փորձի մասնակիցների սոցիալական կարգավիճակը պարզելու համար գիտնականները հավաքել եւ ուսումնասիրել են նրանց եկամուտների, կրթության եւ այլ գործոնների մասին տվյալներ։ Տվյալների հավաքումը քողարկված է եղել վարկերի ստացման փուլերի ընթացքում։

«Համեմատելով թեստավորման արդյունքները, որոնք անցել են մասնակիցները, մենք պարզել ենք բավական հետաքրքիր հարաբերակցություն։ Բարձր եկամուտներ եւ լավ կրթություն, համապատասխանաբար՝ սոցիալական կարգավիճակի ավելի բարձր աստիճան ունեցող մարդիկ մյուսներից ավելի հաճախ են գերագնահատել իրենց կարողությունները։ Սեփական կարողության գերագնահատման հակումը բավական վտանգավոր բան է»,- նշում են հետազոտության հեղինակները։