Սիրիայում ահաբեկիչները 4 հրթիռ են արձակել «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայի վրա, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բոլոր հրթիռները ժամանակին հայտնաբերել են ռուսական ՀՕՊ միջոցները եւ ոչնչացրել: Ռուսաստանի ՕՏՈՒ կետային հարվածով Իդլիբի ապաէսկալացիայի գոտում ոչնչացվել է գրոհայինների արձակման կայանքը»,- նշել են գերատեսչությունից:

Նշվում է նաեւ, որ Սիրիայի կառավարական զորքերը ՕՏՈՒ աջակցությամբ «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչների հարձակումները շարունակում են հետ մղել նաեւ Իդլիբի ապաէսկալացիայի գոտ հարավային շրջաններում:

Մի քանի օրում սա ռուսական բազայի վրա հարձակման արդեն երրորդ փորձն է: Երկուշաբթի «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները բազայի ուղղությամբ արձակել էին 6 հրթիռ, որոնք որսել էին ՀՕՊ ուժերը:

Ավելի ուշ գրոհայինները «Հմեյմիմը» գրոհել էին եւս 17 հրթիռներով, որոնցից 8-ը հասել էին մինչեւ բազա, մնացյալը ոչնչացվել էին:

Դրանից բացի, Իդլիբում Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել էր հետ մղել գրոհայինների կողմից ճեղքման 2 փորձ: Դրանց մասնակցել են 200 գրոհայիններ, 4 հետեւակի մարտական մեքենա եւ 4 փիքափ:

«Հմեյմիմ» ավիաբազան Ռուսաստանի ՕՏՈՒ ավիացիոն խմբավորման տեղակայման վայրն է, որը 2015 թվականից մասնակցում է Սիրիայում ռազմական գործողությանը: