Նորատուսցի Արա անունով հայտնի քրեական հեղինակություն Արա Բանդուրյանն իր մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության գործով իրեն մեղավոր չճանաչեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 23–ին մեղադրող դատախազ Ռաֆայել Մանուկյանը հրապարակեց Բանդուրյանին առաջադրված մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Բանդուրյանը լսելով մեղադրանքն ասաց, որ իրեն հասկանալի չէ մեղադրանքի էությունը։

«Կան շատ բաներ, որ տենց չի եղել»,–ասաց նա։

 Դատավորը մեղադրանքի էությունը բացատրեց Բանդուրյանին, ինչից հետո քրեական հեղինակությունն ասաց. «Մեղավոր չեմ ճանաչում ինձ, մարդկանց սպառնալիք տալ, նման բան չի եղել»։

Նախքան մեղադրանքի հրապարակումը Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հայտարարեց, որ բացարկ չունի մեղադրող դատախազ Ռաֆայել Մանուկյանին, սակայն դատախազի գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ։

Ըստ պաշտպանի՝ նախաքննական մարմինը սխալ է գնահատել Բանդուրյանին մեղսագրվող արարքի քրեաիրավական որակումը, քրեական գործում առկա են էական հակասություններ, չի հիմնավորել, որ ակումբում տեղի է ունեցել հասարակական կարգի կոպիտ խախտում, որոնց վերահսկող դատախազն ուշադրության չի արժանացրել։ Ըստ պաշտպանի՝ գործով մեկ տասնյակից ավելի անձինք, այդ թվում ակումբում ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ իրենց ցուցմունքներում նշել են, որ ակումբում որևէ միջադեպ չի գրանցվել, որևէ մեկը խուլիգանություն չի կարել, իսկ արձակված կրակոցը կարծեցյալ վտանգ չի ստեղծել ակումբում գտնվողների և աշխատակիցների նկատմամբ։

 Ըստ պաշտպանի՝ դեպքի պահին Արա Բանդուրյանը գտնվել է հուզական վիճակում, ինչի արագայում չէր կարող արարքը խուլիգանություն որակվեր։ Բատիկյանի խոսքով՝ այս հանգամանքին նախաքննական մարմինն ուշադրություն չի դարձրել։

 Փաստաբանը մեղադրողից խնդրեց ցուցաբերել դատավարական կամք,  սկզբունքային և օբյեկտիվ գտնվել և օբյեկտիվ փոփոխության ենթարկել Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը։

Մեղադրող Ռաֆայել Մանուկյանը հայտարարեց, որ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արա Բանդուրյանը քննությամբ չպարզված անձից ապօրինի ձեռք բերած և կրած 9մմ տրամաչափի հրազեն հանդիսացող ատրճանակով 2018թ․ հոկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող «Հուկաման» ակումբում, այնտեղ գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարել է խուլիգանություն։ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հոկտեմբերի 16–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արա Բանդուրյանը երկու ամսով կալանավորվել էր, սակայն մեկ ամիս անց 2 մլն դրամ գրավի կիրառմամբ ազատ արձակել կալանքից։