Խորվաթիան բանակցություններ է վարում Շվեդիայի եւ ԱՄՆ-ի հետ կործանիչներ գնելու վերաբերյալ՝ իր ռազմաօդային ուժերն արդիականացնելու նպատակով։ Այս մասին ասել է երկրի պաշտպանության նախարար Դամիր Կրստիչեւիչը, տեղեկացնում է Reuters-ը։

Զագրեբը մոտ էր գործարքի կնքմանը Իսրայելից օգտագործված եւ վերասարքավորված F-16 կործանիչներ գնելու հարցում, բայց Իսրայելը վերջում տեղեկացրեց Խորվաթիային, որ չի կարող վաճառել ինքնաթիռներ, քանի որ չի կարող ստանալ ԱՄՆ հավանությունը։ Իսրայելի ամենալուրջ մրցակիցը շվեդական SAAB ընկերությունն է, որն առաջարկում է Gripen նոր ինքնաթիռներ։

«Կառավարությունը նախկինի պես մտադիր է լուծել (այդ) ռազմավարական խնդիրը։ Մենք բանակցություններ ենք վարում Շվեդիայի եւ Միացյալ Նահանգների հետ, եւ մենք ժամանակին կտեղեկացնենք հանրությանը, հենց որ կոնկրետ տեղեկություն ստանանք»,- ասել է Կրստիչեւիչը լրագրողներին։

Խորվաթիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 2009-ին, իսկ Եվրամիությանը՝ 2013-ին։ Նրա ռազմաօդային ուժերում կա ռուսական արտադրության ՄիԳ-21 կործանիչների էսկադրիլիա, բայց դրանք հնացել են, եւ հիմա գործում է դրանցից մի քանիսը։