Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ԱՄՆ-ը չի կարող երկիրը բացառել F-35 կործանիչների մշակման ծրագրից, տեղեկացնում է TRT-ն։

«ԱՄՆ-ը չի կարող բացառել մեզ ծրագրից, որին մասնակցում է ինը երկիր, առանց բոլոր մասնակիցների թույլտվությունը ստանալու»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ «Համաձայնագրում չկան հոդվածներ, որոնք կանոնակարգում են մասնակից երկրի բացառումը ծրագրից»,- TRT World-ին ասել է անունը հայտնել չցանկացած պաշտոնյան։

Այնինչ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շարունակում է պատրաստվել նոյեմբերին F-35 ինքնաթիռներ ստանալուն եւ հույս ունի հունիսին ստանալ ռուսական Ս-400 համակարգեր, ասել է պաշտոնյան։

Պատասխանելով հարցին, թե ինչ կանի Թուրքիան, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-35-ի մատակարարումներից, Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քիրանն ասել է, որ Անկարան քաղաքականությունը չի կառուցում ենթադրությունների հիման վրա։ «Ոչ մի խափանում չի եղել (Թուրքիային) F-35 մատակարարումների առումով։ Մեր օդաչուները  դեռեւս ուսանում են (ԱՄՆ-ում)»,- ասել է Քիրանը։

«F-35 ծրագիրը հիմնված է համապարփակ գործարքի վրա, որը համաձայնեցված է (ինը երկրի հետ)։ Յուրաքանչյուր պետություն, որը հավատարիմ է (միջազգային) իրավունքի նորմերին, չպետք է խախտի այդ համաձայնագիրը»,- նշել է Քիրանը

Թուրքիան ավելի քան 1,2 մլրդ դոլար է ներդրել F-35 ծրագրում 2002 թվականից, եւ պետք է ստանա 100 F-35 կործանիչ այս տարի։ Բայց Թրամփի վարչակազմը օգոստոսին երկրորդ անգամ հետաձգել է վճռական մատակարարումը։