Իսրայելում գիտնականներին հաջողվել է գարեջուր եփել՝ 5000 տարվա վաղեմության խմորիչներ օգտագործելով

Իսրայելի հնությունների վարչության հետազոտողներին եւ երեք իսրայելական համալսարաններից գիտնականներին հաջողվել է հին խմորիչների 6 նմուշ ստանալ պեղումների ժամանակ հայտնաբերված սափորներից, հաղորդում է bbc.com-ը:

Նրանց կարծիքով նմանատիպ ըմպելիք  խմել են հին Եգիպտոսի փարավոնները:

Գիտնականները հույս ունեն, որ վերածնված անտիկ գարեջուրը ժամանակի ընթացքում կհայտնվի խանութներում:

Այդ տարածաշրջանում հեռավոր անցյալում գարեջուրը պարենամթերքի հիմնական տեսակներից է, ինչպես հացը եւ այն խմում էին բոլորը՝ անկախ սոցիալական կարգավիճակից կամ տարիքից: Քանի որ ջուրը հաճախ կարող էր վարակված լինել, համարվում էր, որ առավել անվտանգ է գարեջուր կամ գինի խմել:

Գարեջուրը այն ժամանակ պատրաստվում էր հացահատիկների եւ ջրի խառնուրդից, որը հետո եփում եւ թողնում էին արեւի տակ խմորման համար: Համի համար ավելացնում էին տարբեր մրգերի էքտրակտներ:

Անտիկ գինին վերակենդանացնելու գաղափարը ծնվել է Երուսաղեմի Հրեական համալսարանի հետազոտողներ Ռոնեն Հազանի եւ Միխայել Կլուշտեյնի մոտ:

Գարեջրագործության մասնագետ  Իտայ Գուտմանի օգնությամբ նրանք ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառել եւ ստեղծել են ցորենի գարեջրի նման ըմպելիք 6 տոկոս ալկոհոլի կոնցենտրացիայով, ինչպես նաեւ մեղրագինի՝ 14 տոկոս ալկոհոլի կոնցենտրացիայով: