ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 23-ին, տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀԿ գրասենյակից։

Նիստին անդրադարձ է կատարվել երկրի ներքաղաքական վերջին զարգացումներին: Գործադիր մարմինը վերահաստատել է մայիսի 19-ին տրված քաղաքական եւ իրավական գանահատականները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները շրջափակելու հակասահմանադրական կոչի հետ կապված:

Կուսակցությունը շեշտում է, որ երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացները, այդ թվում՝ դատական համակարգի հնարավոր բարեփուխումները, պետք է իրականացվեն բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում եւ հավատարիմ մնալով երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Այս կապակցությամբ Հանրապետականը արժեւորում է Հայաստանի մի շարք կուսակցությունների, հասարական կազմակերպությունների ու գործիչների եւ միջազգային կազմակերպությունների համապատասխան արձագանքների առնչությամբ:

Կուսակցությունը վճռական է Հայաստանում ժողովրդավարությանն ու սահմանադրականությանը սպառնացող զարգացումների վերաբերյալ շարունակել քաղաքական պայքարը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, միաժամանակ օգտվելով իրեն հասանելի բոլոր միջազգային հարթակներից եւ հնարավորություններից:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ կուսակցական կառույցների աշխատանքներին, կուսակցության արդիականացման ծրագրի ընթացքին, քաղաքական դպրոցի գործունեությանը, միջազգային համագործակցության գալիք ծրագրերին: