Թուրքիայի Սահմանադրական դատարանը թուրքական իշխանությունների կողմից Հայոց պատրիարքի ընտրությունները տարբեր պատճառներով խափանելը համարել է կրոնի ազատության խախտում։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Սահմանադրական դատարանը ուսումնասիրել է Հայոց պատրիարքի ընտրության համար կազմված նախաձեռնող խմբի հայցադիմումը եւ բավարարել այն՝ որոշելով, որ խախտվել է Թուրքիայի Սահմանադրության 24–րդ հոդվածը, այսինքն կրոնական ազատության խախտում է տեղի ունեցել։

Նշենք, որ 2008 թվականին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության պատճառով չի կարողացել կատարել պարտականությունները։ Հայ համայնքը բազմաթիվ անգամ դիմել է թուրքական իշխանություններին՝ նոր պատրիարք ընտրելու համար, սակայն մշտապես մերժում է ստացել։ Թուրքական իշխանությունները նշանակել են փոխպատրիարք իդեմս արք. Արամ Աթեշյանի։

Այս տարվա մարտին արք. Մեսրոպ Մութաֆյանը մահկանացուն կնքեց, որից հետո դե յուրե բացվեց նոր պատրիարք ընտրելու հնարավորություն։