ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ՀՅԴ-ն չի հանդիպել։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անգամ Արմեն Ռուստամյանը։

«Ես երկար ժամանակ է իրեն չեմ տեսել, չեմ էլ հիշում վերջին անգամ երբ եմ իրեն տեսել»,–նշեց նա։

Սահմանադրական կարգի տապալումը մի աբսուրդ գործ է. «Սահմանադրական կարգի տապալումը պետք է փաստվեր, մենք վաղուց էինք դրա մասին ասում, սա մի աբսուրդ գործ է, որը տրաքելու է և տրաքում է, մենք ասում ենք 10 զոհերի մասին խոսեք։ Իսկ հիմա հանցակազմը չապացուցված՝ հանցավոր են գտնում, դրա համար էլ տապալվում է»։

Ռուստամյանի խոսքով՝ Քոչարյանի գործը վտանգավոր կարող է լինել. «Եթե երկրում ինչ տեղի է ունենում, մեղավորը երկրի նախագահն է, ապա կարող են ազատ մարդ սպանել, մեկ է վերջում նախագահն է պատասխանատվություն կրելու, սա արդարադատությո՞ւն է։ Մենք նախնադա՞ր ենք գնում։ Դատեք օրինական, եթե մի մեղադրանք եք դնելու, որի տակ եք մնալու, փոխանակ իրական բաների համար դատելու, նրան արդարացնելու եք։ Հիմա սա է տեղի ունենալու։ Դրա համար դատարաններ են արգելափակում, դրանով ջուր են լցնում Ռոբերտ Քոչարյանի ջրաղացը, դուք շանս եք տալիս Ռոբերտ Քոչարյանին, որ գնա ու արդարանա»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալվելու մեջ։