ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել է Չինաստանի հետ առեւտրային պատերազմի արագ ավարտ, չնայած բարձր մակարդակով ոչ մի բանակցություն չի նշանակվել երկու շաբաթ առաջ Վաշինգտոնում հերթական ռաունդի ավարտից հետո, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Դա տեղի է ունենում, արագ է տեղի ունենում, Չինաստանի հետ ամեն ինչ արագ կկատարվի, որովհետեւ նա հազիվ թե գոհ լինի, որ հազարավոր ընկերություններ հեռանում են իր տարածքից եւ ուղեւորվում այլ երկրներ»,- ասել է Թրամփը ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ կհանդիպի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվելու է հունիսին Ճապոնիայում:

Երկու երկրները միմյանց են մեղադրում բանակցությունների տապալման մեջ, որոնք կոչված էին աշխարհի երկու խոշոր տնտեսությունների միջեւ առեւտրային պատերազմը դադարեցնելուն:

Թրամփը ներկայացրել է ֆերմերներին օգնության ցուցաբերման ծրագիր մաքսատուքային պատերազմի հետեւանքների փոխհատուցման համար, որը նրանց վրա առանձնապես ուժգին է ազդել:

Երբ անցյալ տարի Թրամփը չինական ապրանքների համար մաքսատուրքեր սահմանեց, Պեկինը կրճատեց ամերիկյան սոյայի գնման ծավալները, ինչի հետեւանքով ֆերմերների մոտ կուտակվեց այս ապրանքի չվաճառված պաշար: Ի պատասխան Չինաստանը մաքսատուրքեր սահմանեց ամերիկյան եգիպտացորենի, խոզի մսի եւ մի շարք այլ մթերքների համար:

«16 մլրդ դոլարի ֆինանսավորումը մեր ֆերմաներին կօգնի պահպանել բարեկեցությունը եւ ցույց կտա, որ ոչ մի երկիր չի կարող վետո դնել ԱՄՆ տնտեսական եւ ազգային անվտանգության վրա»,- հայտարարել է Թրամփը: