Մայիսի 23-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ Մաս 3-րդի (արդարադատություն, ազատություն եւ անվտանգություն) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ:

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: «Տարիներ շարունակ մենք շատ լավ փաստաթղթեր ենք ունեցել, փորձել դրանք իրականացնել, կատարողականներ ցույց տալ, սակայն իրականում քաղաքացիներն իրենց վրա շատ քիչ փոփոխություններ են զգացել: Քանի որ Հայաստանն այսօր գտնվում է շատ կարեւոր փոփոխությունների ժամանակաշրջանում, այժմ մենք պետք է այս քննարկումներով, համատեքստին իրական իրադրությունից ելնելով, մատնանշենք այն խնդիրները, որոնք այսօր կարեւոր են եւ հանրությունը սպասում է դրանց: Մշտապես պահելով մեր մշտադիտարկման ու գնահատման կենտրոնում՝ պետք է ՔՀԿ-ների աջակցությամբ փորձենք օժանդակել կառավարությանը՝ դրանք իրականացնելու համար»,-նշեց Կարեն Զադոյանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարեւորելով քննարկումը, նշեց, որ ՀՀ-ԵՄ հիմնարար պայմանագրի հաջող իրականացումը հնարավոր չի լինի կաատարել միայն ու միայն պետության ջանքերով: «Քաղաքացիական հասարակությունն այստեղ պետք է ունենա որոշիչ դերակատարում, ինչը նախատեսված է հենց պայմանագրով: Այն փուլից, երբ մենք կառավարությունում սկսեցինք մշակել այս համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը, մենք հետամուտ եղանք նաեւ խորհրդակցություններ, քննարկումներ իրականացնել քաղհասարակության հետ: Հատկանշական է, որ հենց այդ քննարկումները սկսեցին հենց ՔՀԿ գործընկերների նախաձեռնությամբ, երբ դեռեւս նախորդ ամռանը մենք ծավալուն փաթեթ ստացանք՝ մի քանի ՔՀԿ-ների կողմից մշակված առաջարկությունների փաթեթով»,-ասաց փոխնախարարը:

«Հայաստանի քաղաքացիների շրջանում մեծ են ակնկալիքները ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ ամրապնդման շուրջ»,- այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը: Նա նշեց, որ այս բարեփոխումների իրականացման համար ՀՀ-ն ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ, իսկ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն ամուր հիմք է հանդիսանում դրա իրագործման համար:

 Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն էլ հույս հայտնեց, որ նման ձեւաչափով քննարկումներն առավել հաճախակի կլինեն: Նա դատական եւ իրավական բարեփոխումների 2024 թ. ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրի ընդունման թեմայի շրջանակում  ներկայացրեց իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների  հիմնական առաջնահերթությունները:

ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանը խոսեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի ընդունման մասին: Իրավունքի գերակայությանը եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգման հիմնական առաջնահերթությունների մասին իրենց տեսակետները հայտնեցին նաեւ Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի ներկայացուցիչներ Ժաննա Ալեքսանյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Արտակ Կիրակոսյանը, ՀՀ փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022թթ. ազգային ռազմավարության ընդունուը եւ դրա հիմնական առաջնահերթությունները ներկայացրին արդարադատության նախարարության հակակոռուպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Շուշանիկ Ղուկասյանը եւ վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի աշխատակից Լարիսա Հարությունյանը: Անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման հիմնական առաջնահերթությունները ներկայացրին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետներ Արտյոմ Մեսրոպյանը եւ Նարեկ Ենոքյանը:

Արդարադատության փոխնախարարը հանդիպման վերջում հույս հայտնեց, որ ՔՀԿ-ների կողմից ակտիվ առաջարկություններ կստանան:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի եւ «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) եւ դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել եւ խրախուսել իրենց մասնակցությունը տեղական եւ ազգային քաղաքականությունների օրակարգի ձեւավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները եւ դիմել կառավարությանը՝  կառուցողական եւ ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել 9 ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք ուղղված են հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: Ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհներ են տրամադրվել նաեւ 29 ՔՀԿ-ների։