Նիդեռլանդներում մայիսի 23-ին անցկացված Եվրախորհրդարանի ընտրությունները անսպասելի արդյունքներ են ունեցել: Էքսիթփոլերի տվյալներով, որոնք, որպես կանոն, աննշան են տարբերվում արդյունքներից, առաջին տեղում է հայտնվել սոցիալ-դեմոկրատական Աշխատանքի կուսակցությունը, որը ստացել է ընտրողների ձայների 18,4 տոկոսը, փոխանցում է DW-ն: 

Առաջատար ֆունկցիոներներից մեկը՝ Ֆրանս Թիմերմանսը, դարձել է Եվրահանձնաժողովի նախագահի եվրոպական սոցիալ-դեմոկրատների թեկնածուն: Աշխատանքի կուսակցության օգտին ձայներ տված ընտրողների թիվը 2014-ի համեմատությամբ փաստացի կրկնապատկվել է: Հիմա այն Եվրախորհրդարանում իր ներկայացվածությունը կմեծացնի մինչեւ 5 մարդ՝ ստանալով 2 տեղով ավելի, քան մինչեւ այդ ուներ: Մինչեւ ընտրությունները հարցումներ անցկացրած սոցիոլոգները ենթադրում էին, որ կուսակցությունը կստանա ձայների միայն 13 տոկոսը եւ կզբաղեցնի 3-րդ տեղը:

Էքսիթփոլերի համաձայն՝ քվեարկության առաջատարներից մեկը՝ իշխող պահպանողական-լիբերալ «Հանուն ազատության եւ ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը» ստացել է ակնկալվող 15 տոկոսի փոխարեն 14 տոկոս: Նա կարող է 4 տեղի հույս ունենալ Եվրամիության գլխավոր օրենսդիր մարմնում (2014 թվականի համեմատությամբ՝ մեկով ավելի):

Ընտրական տեղամասերի մոտ անցկացված հարցումներով ստացած տվյալների համաձայն՝ «Քրիստոնեա-դեմոկրատական կոչը» ստացել է 4 տեղ, այսինքն՝ մեկ տեղով պակաս 2014-ի համեմատությամբ:

Ipsos սոցիոլոգիական ինստիտուտի տվյալներով՝ «Ֆորում հանուն ժողովրդավարության» կուսակցությունից եվրահոռետեսները ստացել են ընտրողների ձայների 11,2 տոկոսը եւ 3 պատգամավորական մանդատ: Կարծիք կար, որ նրանք կարող են ստանալ 15 տոկոս: Եվրախորհրդարանի նախորդ ընտրություններին «Ֆորումը» չէր մասնակցել:

Գլխավոր պարտվողը Գերտա Վիլդերսի ծայրահեղ աջ Ազատության կուսակցությունն է, որը կորցրել է Եվրախորհրդարանի 4 տեղից երեքը:

Նիդեռլանդները Եվրախորհրդարանում 751-ից, ընդհանուր առմամբ, 26 տեղ ունի:

Ընտրողների մասնակցությունը կազմել է 41,2 տոկոս, ինչը փոքր-ինչ ավելի է 2014 թվականի համեմատությամբ (37,3 տոկոս):