Հարվի Վայնշթեյնի նախկին կինոստուդիայի տնօրենների խորհուրդը եւ Նյու Յորքի գլխավոր դատախազությունը նախապես պայմանավորվել են 44 մլն դոլար գործարքի մասին՝ կարգավորելու համար դատական հայցերը եւ փոխհատուցումներն այն կանանց, որոնց դեմ ոտնձգությունների մեջ մեղադրում են հոլիվուդյան պրոդյուսերին, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով The Wall Street Journal պարբերականին։

Weinstein Company-ի համահիմնադիր Ադամ Հարիսի փաստաբանի խոսքով՝ «տնտեսական համաձայնություն ձեռք է բերվել»։ Այսպես, պրոդյուսերն առաջարկում է 30 մլն դոլար վնասի փոխհատուցում, որը հասցվել է կանանց, վարկատուներին եւ Weinstein Company ընկերության աշխատակիցներին։ Մնացած 14 մլն-ը կարող է վճարվել պրոդյուսերի աշխատողներին դատական ծախսերի դիմաց։

Այնուամենայնիվ, պարբերականը նշում է, որ ձեռք բերված համաձայնությունը չի ազդի Հարվի Վայնշթեյնի դեմ քրեական գործով դատավարության վրա, որը նախատեսված է սեպտեմբերին։

Հարասմենթ-գեյթը 2017-ին պայմանավորված էր Վայնշթեյնի կողմից հայտնի դերասանուհիների հանդեպ ոտնձգությունների տեղեկատվությամբ։ Ավելի ուշ նման մեղադրանքներ ներկայացվեցին մշակույթի եւ քաղաքական մի շարք այլ գործիչների, ներառյալ Սթիվեն Սիգալը, Քեւին Սփեյսին, Մերիլին Մենսոնը եւ այլք։ Առաջին դերասանուհին, որը մեղադրեց Վայնշթեյնին բռնաբարության մեջ, իտալուհի Ազիա Արջենթոն էր։