Սկզբում նշում էին, որ վերջապես վերափոխվեց ԱԱԾ-ն, հետո ինչ-որ պահից ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ինչ-որ մի տեղից պատվեր ստանալուց հետո պարոն Իոաննիսյանը սկսեց սուտ լուրեր տարածել, որի տակ ոչ մի հիմք չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադատնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանի մեղադրանքին, որ քրեական հեղինակություններ` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի (նախկին ոստիկանապետ Վլադիմիր գասպարյանի թիկնազորի պետ-խմբ) հետ Վանեցյանը մտերիմ հարաբերություններ ունի:

Վանեցյանը նշեց, որ ինքը ծնվել մեծացել է Երեւանում, որտեղ եղել է «քաղաքի տղա» հասկացություն. «Երեւան քաղաքի նորմալ տղաները, որոնք ապրել ու գործունեություն են ծավալել իրենց քաղաքում, ճանաչում են իրենց քաղաքում ապրող բոլոր տղաներին:  Բայց հանկարծ որեւէ մեկը չմեկնաբանի, որ ես ճանաչում եմ այն անձանց, ում անունները տվել է պարոն Իոաննիսյանը: Այդ անձանցից ես ճանաչում եմ Բաբկեն Ղազարյանին, որին նա անվանել է Թոխմախի Բաբո: Բաբկեն Ղազարյանը ՊԵԿ-ի մաքսային ծառայության գնդապետ է, աշխատել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, երբ ես աշխատել եմ այդ վարչական շրջանում որպես ազգային անվտանգության բաժնի պետ: Ի պաշտոնե ես շփվել եմ եւ այո, նորմալ հարաբերություններ են ձեւավորվել այդ անձի հետ:

Ինչ վերաբերում է Արշակ Հակոբյանին, ով եղել է ոստիկանապետի անվտանգության ծառայության պետը: Իր հետ ծանող եմ դեռեւս 1996 թվականից, երբ ես ծառայում էի ՀՀ Զինված ուժերում, իսկ ինքը՝ ռազմական ոստիկանությունում:

Ճանաչել եմ, ինքը եղել է սպա, ես եղել եմ զինվոր: Ոչ թե մտերմություն ենք արել, այլ ուղղակի եղել է սպա, ճանաչել եմ:

Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, իրականության հետ կապ չունի: Արշակ Հակոբյանի հետ ընկերական հարաբերություններ երբևիցե չեմ ունեցել, չունեմ: Ճանաչում եմ շատ-շատ մարդկանց, բայց մտերմիկ հարաբերություններ չունեմ:

«Վստրեչի Ապերը»՝ Արամ Վարդանյանը, ես էլի իր հետ շփվել եմ մեկ-երկու անգամ, գործնական: Այսինքն՝ ինքը կատարել է իրավախախտում, ես իրան բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն, բերման եմ ենթարկել՝ հարցաքննության նպատակով: Այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ:

Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին՝ հանգիստ նստի տեղը»,- ընդգծեց ԱԱԾ տնօրենը:

Հարցին, թե իր կարծիքով ով է այս ամենի պատվիրատուն, նապատասխանեց. «Պատվիրատուին թող իրենք ասեն՝ ով է»: