Եվս երեք լեռնագնաց է զոհվել Էվերեստում, տեղեկացրել են արշավի կազմակերպիչները։ Այսպիսով, զոհվածների թիվը աշխարհի ամենաբարձր կետում մեկ շաբաթում հասել է 7-ի։

«Երեկ Էվերեստի վրա զոհվել է եւս երկու հնդիկ լեռնագնաց»,- AFP-ին տեղեկացրել է Նեպալի տուրիզմի վարչության մամուլի քարտուղար Միրա Աչարյան, իսկ արշավի կազմակերպիչները հաստատել են երրորդ զոհի մահվան լուրը։

52-ամյա  Կալպանա Դասը հասել էր գագաթին, բայց մահացել է նախօրեի ցերեկը, իջնելիս։

Մեկ այլ հնդիկ լեռնագնաց՝ 27-ամյա Նիհալ Բագվանը, նույնպես մահացել է՝ գագաթից ցած իջնելիս։

Արշավի կազմակերպչի խոսքով՝ ավստրիացի լեռնագնացը զոհվել է Թիբեթի հյուսիսային կողմում։

Չորեքշաբթի լեռան վրա մահացել են հնդիկ եւ ամերիկացի լեռնագնացներ։ Անցած շաբաթ զոհվել է հնդիկ լեռնագնաց, եւ համարվում է, որ իռլանդացի լեռնագնացը նույնպես մահացել է այն բանից հետո, երբ սայթաքել է եւ ընկել։

Լեռնագնացությունը Նեպալում շահութաբեր բիզնես է դարձել այն ժամանակվանից ի վեր, երբ Էդմունդ Հիլարին եւ Թենցինգ Նորգեյը առաջին անգամ նվաճեցին Էվերեստի գագաթը 1953 թվականին։