ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է իր ներդրումն ունենալ ուսանողների մասնագիտական զարգացման գործում: Հաղորդակցության առաջատար օպերատորը 2015 թվականից իրականացնում է «VivaStart» կրթական ծրագիրը, որը նպաստում է ապագա մասնագետների մոտ անհրաժեշտ հմտությունների զարգացմանը եւ ամուր հիմք ստեղծում կարիերայի զարգացման համար:

Հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ հնարավորություն են ստանում ծանոթանալու աշխատանքային գործընթացին՝ ընկերության տարբեր սպասարկման կենտրոններում, ինչպես նաեւ ձեռք բերում աշխատանքային էթիկայի եւ կորպորատիվ մշակույթի վերաբերյալ գիտելիք: Նմանօրինակ փորձն օգնում է ավելի վստահ քայլերով կերտել սեփական կարիերան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հավաստագրեր է հանձնել «VivaStart»-ի 2019 թվականի առաջին շրջանավարտներին: Այս անգամ հանրապետության տարբեր մարզերից եւ տարբեր բուհերից 32 ուսանող հնարավորություն էր ստացել մասնակցելու դասընթացներին: Ի թիվս այլ գիտելիքների, ուսանողները ձեռք են բերել բաժանորդի հետ արդյունավետ հաղորդակցության մի շարք հմտություններ, ծանոթացել ընկերության առաջարկած ապրանքատեսակներին, ծառայություններին եւ դրանք՝ ճկուն մարքեթինգային մոտեցմամբ հաճախորդին ներկայացնելու հմտություններին:

Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներից երեքը՝ Նելլի Թադեւոսյանը, Հասմիկ Ալեքսանյանը եւ Լեւոն Մկրտչյանը, ստացել են Samsung Galaxy SM-A305F/ A30 սմարթֆոն:

«Մեր ընկերությունը կարեւորում է «VivaStart»-ը որպես կարեւոր հարթակ՝ կարիերայի ուղին սկսող ուսանողների համար: Այս ծրագիրը մասնագիտական ոլորտում առաջին քայլերը կատարող երիտասարդին հնարավորություն է տալիս դիտարկելու աշխատանքային գործընթացները՝ ներսից, ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ ու ձեւավորելու որոշումներն ինքնուրույն կայացնելու, կողմնորոշվելու կարողություն: Դասընթացի կարեւորագույն նպատակներից է նաեւ գործարար հաղորդակցության ունակությունների զարգացումը: Շնորհավորում եմ ձեզ եւ վստահ եմ, որ մեր ընկերությունում ձեռք բերած փորձառությունը կծառայի որպես կարեւոր մեկնակետ՝ հաջողության հետագա ուղին կերտելու հարցում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: