Այն, որ «Արսենալից» Հենրիխ Մխիթարյանը հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպումը բաց կթողնի, որովհետեւ Հայաստանից է եւ Բաքվում Եվրոպա լիգայի եզրափակչում իր անվտանգության հարցում մտավախություններ ունի՝ սկանդալ է: Այս մասին բրիտանական խորհրդարանի նիստում ելույթ ունենալիս ասել է պատգամավոր Թոմ Ուոթսոնը: «Սկանդալ է նաեւ այն, որ «Արսենալի» հայկական անուններով երկրպագուներին մերժում են Ադրբեջանի մուտքի վիզաները: Սա ցույց է տալիս գեղեցիկ խաղի այլանդակ կողմը»,- ասել է նա:

«Եթե ես պետքարտուղարը լինեի, ՈՒԵՖԱ-ին կհասկացնեի, որ սա բացարձակապես անընդունելի է: Այսպիսով, նախարարը ՈՒԵՖԱ-ից կպահանջի՞ ապահովել, որպեսզի երկրները, որոնք խաղացողներին ստիպում են ընտրություն կատարել իրենց մարզաձեւի եւ իրենց անվտանգության միջեւ, երկրպագուների միջեւ խտրականություն են դնում, երբեք չեն ստանա ապագա միջոցառումների անցկացման թույլտվություն»,- հարց է հնչեցնում Ուոթսոնը: