Վեթինգի գործիքակազմը, որի մասին վերջին օրերին այդքան շատ է խոսվում, Հայաստանի օրենսդրության մեջ արդեն իսկ գոյություն ունի: Մայիսի 24-ին ԱԺ-ում ընթացող անցումային արդարադատության հարցերով լսումների ժամանակ ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ մինչեւ ինչ-որ քայլերի դիմելը, անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել անցումային արդարադատության հանդեպ հանրության վերաբերմունքը եւ պատասխանել հարցին՝ մի՞թե գործիքակազմ չկա, որը զարգացնելով կարելի է հասնել անհրաժեշտ արդյունքի, իսկ անցումային ադարադատությունը դիտարկել որպես ծայրահեղ միջոց:

«Ըստ էության, գործիքներ կան: Ինչ վերաբերում է վեթինգին եւ ակտիվների վերադարձին, այդ մոտեցումներն արդեն իսկ երկրի օրենսդրության մեջ կան: Հանրային ծառայության մասին օրենքի պահանջի համաձայն՝ ունեցվածքի մասին հայտարարագրումը պարտադիր է 2012 թվականից»,- ասաց նա:

Հայկ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ վեթինգը նախատեսում է հանրաքվեով սահմանադրական փոփոխություններ: «Այն, ինչ մենք առաջարկում ենք, կարող է բավարարվել օրենսդրական փոփոխություններով: Ինչ վերաբերում է ակտիվների վերադարձմանը, սխալ են պնդումները, որ միջազգային փաստաթղթերը նշում են դրանց վերադարձը միայն անցումային արդարադատության ճանապարհով: Դրանք խորհրդատվական բնույթ ունեն: Բայց պետք է հասկանալ, թե պետությունն ի՞նչ ռեսուրսներ է ծախսելու գործընթացի վրա եւ ինչպիսի՞ արդյունքներ է ակնկալում: Սա նուրբ գործընթաց է եւ կարող է տնտեսության վրա բացասաբար անդրադառնալ: Ակտիվների վերադարձման հարցում պետք է ամեն ինչ մանրամասն ուսումնասիրել, քանի որ միջոցների մի մասը ներդրված է ներքին տնտեսության մեջ»,- հիշեցրեց Հայկ Մարտիրոսյանը: