Քաղաքացիական գործեր քննող դատավոր Կարինե Պետրոյանը, որը այս տարեսկզբին դատական հայց էր ներկայացրել՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի և Գագիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառում է կատարել Գագիկ Հարությունյանի հրաժարականի հետ կապված։

«Շուրջ 10 ամիսների պայքարը հասավ իր տրամաբանական ավարտին: Ամիսներ շարունակ թե դատական հայցերով, թե հրապարակումներով բարձրաձայնել ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը նախագահում է անձ, որը պաշտոնավարում է ՀՀ Սահմանադրության խախտմամբ, և որի լիազորությունները պետք է դադարեին տարիքը լրանալու կապակցությամբ:

Այսօր իրականություն դարձավ ԲԴԽ նախագահի հրաժարականը:

Սա դատական իշխանությունում մեծ փոփոխությունների սկիզբ է:

Հարգելի գործընկերներ,

Թե ես, թե Ալեքսեյ Սուքոյանը բազմիցս նշել ենք, որ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի ներկայացված հայցերի իմաստը ոչ թե սնանկության դատարանի դատավորների լիազորությունների վիճարկումն է, այլ Բարձրագույն դատական խորհրդի ոչ իրավաչափ գործողությունների բարձրաձայնումը, որպիսի գործունեությունը պայմանավորված էր ԲԴԽ նախագահի ոչ լեգիտիմ պաշտոնավարմամբ:

Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով ԲԴԽ նախագահի հրաժարականը, նպատակ չունենալով կասկածի տակ դնել կամ վտանգել մինչև այժմ սնանկության դատարանի դատավորների կողմից իրականացված արդարադատությունը` մենք հրաժարվելու ենք ՀՀ վարչական դատարանում քննվող սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումն անվավեր ճանաչելու մեր հայցից, քանի որ կարևորը ոչ թե սնանկության դատարանում մեր նշանակվելն էր, այլ արդարությունը վերականգնելը»,–ասված է դատավորի գրառման մեջ։

Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր, որ Քաղաքացիական գործեր քննող դատավորներ Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոյանը դատական նոր հայց են ներկայացրել՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի։

Դատավորները վիճարկում էին Գագիկ Հարությունյանին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու հարցը։ Նրանք դիմել էին վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Գագիկ Հարությունյանին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ ԲԴԽ–ի 2018թ. մարտի 5-ի գործողությունները։