ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին սուտ տեղեկություններ են փոխանցել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Բագրատաշենի անցակետում գտնվող Քրիստինա Մանուկյանը, որը զբաղվում է Թուրքիայից ապրանքների ներկրմամբ։

Նշենք, որ առևտրականները արդեն մեկ շաբաթ է մնացել են Բագրատաշենի անգարում։ Նրանց թույլ չեն տալիս մաքսազերծել Թուրքիայից Հայաստան տեղափոխված շուրջ 14 տոննա բեռը։

Մանուկյանը պատմեց, որ առաջին օրը անգարում 41 առևտրական կար, որոնք մնացել էին իրենց բեռների կողքին, սակայն նրանց մի մասը թողնելով բեռը հեռացել է՝ հաշվի առնելով, որ անցակետում պայմաններ չկան։ Այս պահին անցակետում 24 առևտրական է մնացել։

Անդարադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե 20 տոննա բեռից հայտարարագրել են միայն 3 տոննան, այն էլ հագած հագուստներ, խողովակներ, որոնց համար չնչին մաքսատուրք է նախատեսվում, Մանուկյանն ասաց.

«Սուտ տեղեկատվություն են տվել ԱԱԾ տնօրենին, նման բան չկա։ Իրենց ասած թվերը սուտ են։ Իսկ ինչու՞ Վանեցյանը չի ասում, որ որոշում չի եղել, որ կոնտրաբանդան մեքեննա հետ է բերել»։

Նա նշեց, որ երեք տոննա բեռ մաքսազերծելու համար պատրաստ են վճարել 14.000 եվրո գումար, միայն թե թողնեն իրենց դուրս գալ անցակետից։

Արձագանքելով Վանեցյանի այն հայտարարությանը, թե իրենք տեղեկություններ ունեն, որ կաշառք ստանալու մեջ կասկածվող մաքսայինի ծառայողը սովորեցրել է քաղաքացիներին ճանապարհ փակել, ծայրահեղ քայլերի դիմել, առևտրականն ասաց.

«Նման բան չկա, ոչ մեկ մեզ ոչինչ  չի ասում, հակառակը այս մի շաբաթվա ընթացքում մաքսատան մի աշխատակից չի մոտեցել, որ մեր խնդրով զբաղվեն։ Մենք բողոքում ենք, որովհետև մեր բոլոր քայլերը հիմնավոր են»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առեւտրականները պնդում են, որ 5–րդ օրն է Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված իրենց փակել են անցակետի անգարում եւ թույլ չեն տալիս դուրս գալ։

ԱԱԾ–ից էլ պարզաբանել էին, որ ՀՀ մի խումբ քաղաքացիներ առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռների մի մասը «Բագրատաշեն հսկիչ մաքսակետով ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ՝ ավելի էժան ապրանքների հայտարարագրման անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը: