ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ մայիսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 46 հայտ` շուրջ 1.9 մլրդ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 1 մլրդ. դրամ: Քննարկվել են դեռևս չավարտված ծրագրերի համաֆինանսավորման տրամադրման հետ կապված հարցեր:

Համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքների համատեքստում տեղի է ունեցել մտքերի փոխանակում վերջիններիս որակի նկատմամբ վերահսկողության և արդյունքների գնահատման մեխանիզմների շուրջ: Նիստի մասնակիցների կողմից կարևորվել է նաև այդ աշխատանքներն իրականացնող մարզային ընկերությունների կարողությունների մեծացման նպատակով միջոցառումների ձեռնարկումը: