Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերաբացման արարողության ժամանակ հանդես է եկել ելույթով: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՔԿ նախագահի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«ՀՀ քննչական կոմիտեի ստեղծման պահից շուրջ 5 տարի է քննչական կոմիտեի քննիչները սերտ համագործակցում են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների հետ:

Ցանկացած հանցագործության բացահայտումը քննիչների, ոստիկանների եւ փորձագետների արդյունավետ աշխատանքների եւ համագործակցության հետեւանք է:

Գործողությունների միասնության, ճիշտ պլանավորված քննչական, օպերատիվ-որոնողական եւ փորձագիտական գործողությունների համակցված աշխատանքի արդյունքում է հնարավոր բացահայտել հանցագործությունը տաք հետքերով:

Դատագենետիկական փորձաքննությունը փորձաքննությունների տեսակների մեջ համեմատաբար երիտասարդ է, սակայն այսօր հնարավոր չէ պատկերացնել մարդու կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործության բացահայտումն առանց դատագենետիկական փորձաքննության արդյունքի, որն առանցքային նշանակություն ունի հանցագործությունների բացահայտման գործում:

Կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժինը միակն է Հայաստանի Հանրապետության տարածքում, որն իրականացնում է ԴՆԹ-ի միջոցով անձի նույնականացման փորձաքննություններ:

Շնորհիվ դատագենետիկական փորձաքննության արդյունքների՝ բացահայտվել են բազմաթիվ հնչեղ գործեր, օրինակ՝ «Պերմյակովի», «Զինված հանցախմբի», «Ավտոբուսի պայթյունի» եւ այլն:

Սակայն այդ ընթացքում եղել են նաեւ գործեր, որոնց բացահայտման համար Ձեր հնարավորությունները եղել են սահմանափակ եւ դա պայմանավորված է եղել անհրաժեշտ նոր սերնդի սարքավորումների բացակայությամբ:

Շատ կարեւոր է այսօր հանցագործության բացահայտումը տաք հետքերով, մի քանի ժամերի ընթացքում, անհայտ դիակների նույնականացումը ոսկրերով, ԴՆԹ խառնուրդների նույնականացումը, ԴՆԹ որոնողական բազայի ստեղծումը:

Ուրախ եմ կենտրոնի վերազինման համար եւ վստահ եմ, որ այսուհետ մենք կունենանք դատագենետիկական փորձաքննությունների նոր որակ:

Շնորհավորում եմ ձեզ՝ բաժնի վերաբացման կապակցությամբ, ցանկանում բեղմնավոր աշխատանք եւ նորանոր հաջողություններ փորձագիտական ոլորտում»: