ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Վարդենիս քաղաքի երկու բնակիչներ նախնական համաձայնության են եկել համաքաղաքացու առանձնատնից թանկարժեք իրեր, գումար հափշտակելու հարցի շուրջ:

Այդ նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 17-ին երեկոյան մետաղե ամրանի գործադրմամբ բացել են համաքաղաքացու առանձնատան պատուհանը, մտել տուն եւ հափշտակել է 1.307.470 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար, 50 վրացական լարի, ինչպես նաեւ «Արարատ» տեսակի կոնյակ՝ տանտերերին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Վարդենիս քաղաքի երկու բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: