Սուդանի անցումային ռազմական խորհրդի եւ ընդդիմադիր «Հանուն ազատության եւ փոփոխության» ընդդիմադիր միության միջեւ բանակցությունները երկրի կառավարման ապագա ինքնիշխան խորհրդի կազմի մասին ոչ թե ընդհատվել են, այլ դադարեցվել, տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ին միավորման ղեկավարության ներկայացուցիչ Սաթիա Ահմեդ ալ Հաժը, որը եկել է Կատար՝ մասնակցելու սեմինարի։

 Բանակցությունների ընթացքում, մայիսի 15-ին ձեռք էր բերվել սկզբունքային համաձայնություն եռամյա անցումային շրջանի մասին։ Բանակցությունների հերթական փուլը, որն ավարտվեց երեքշաբթի գիշեր, համաձայնության չհանգեցրեց իշխանության ձեւավորվող մարմինների քանակային ներկայացուցչության մասին։

«Բանակցությունները ռազմական խորհրդի հետ  չեն ընդհատվել, այլ դադարեցվել են»,- ասել է ալ Հաժը։

Նրա խոսքով՝ ռազմական խորհուրդը պնդում է, որպեսզի ապագա ինքնիշխան խորհուրդը, որը ստեղծվելու է երկիրն անցումային շրջանում կառավարելու համար, գլխավորի բանակի ներկայացուցիչը եւ ունենա զինվորական մեծամասնություն։

«Մենք մերժել ենք այդ առաջարկությունը, քանի որ ժողովուրդը համաձայն չէ, որպեսզի խորհրդի ղեկավարը զինվորական լինի, դրան համաձայն չէ նաեւ Սուդանի քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաեւ միջազգային հանրությունն ու Աֆրիկյան միությունը։ Մենք չենք ցանկանում սկսել անցումային շրջան, որպեսզի մեզ չընդունեն տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներով։ Բացի այդ, բանակի պարտականությունը երկիրը պաշտպանելն է, ոչ թե կառավարելը, կամ էլ կառավարելը միայն արտակարգ իրավիճակներում, ուստի մենք առաջարկել ենք, որպեսզի զինվորական ներկայացուցչությունը կառավարող կազմում լինի սահմանափակ, եւ զինվորականները, որոնք կմտնեն դրա մեջ, զբաղվեն միայն իրենց հետ առնչվող հարցերով՝ պաշտպանության, բանակի հարցերով»,- ասել է նա հիմնական տարաձայնությունների մասին։

Սուդանի հիմնական  ընդվզող ուժի ներկայացուցիչը համոզված է, որ զինվորականների թիվը ինքնիշխան խորհրդում «սկզբունքային հարց է, քանի որ եթե նրանք մեծամասնություն լինեն, հանդես կգան ընդդեմ քաղաքացիական, այլ ոչ թե զինվորական կառավարության ստեղծման հեղափոխական ձգտման»։

Զինվորական հեղաշրջումը Սուդանում տեղի ունեցավ ապրիլի 11-ին քառամսյա ժողովրդական ցույցերի արդյունքում։ Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվեց իշխանությունից, իսկ ավելի ուշ բանտարկվեց։ Իշխանությունն իր ձեռքը վերցրեց անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարեց երկու տարվա ընթացքում ղեկավարությունն ընտրված իշխանություններին հանձնելու մտադրության մասին։ Բայց ժողովրդական բողոքները, չնայած զինվորականների խոստումներին, չեն հանդարտվում։ Բողոքողները պահանջում են անհապաղ ձեւավորել քաղաքացիական կառավարող մարմին եւ իշխանական բոլոր լիազորությունների հանձնում այդ մարմնին։