ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է ամերիկյան զենք վաճառել Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին՝  շրջանցելով Կոնգրեսի արգելափակումները:

Այս մասին, հղում անելով ԱՄՆ օրենսդիրներին եւ պաշտոնյաներին, հաղորդում է The New York Times-ը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Պետդեպարտամենտի այլ պաշտոնյաներ պատրաստվում են արտակարգ դրություն հայտարարել թույլ չտալու համար Կոնգրեսին արգելափակել  7 միլիարդ դոլարի գործարքները: Հրապարակման համաձայն՝ այս ծրագրերը վրդովմունք են առաջացնում ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների մոտ:

Գարնանը կոնգրեսականներն արդեն փորձել էին խոչընդոտել մատակարարումներին, սակայն ապրիլին  նախագահը վետո դրեց նրանց արգելափակմանը:

Միանգամից մի քանի օրենսդիրներ բացահայտ դեմ արտահայտվեցին զենքի վաճառքին. դեմոկրատ Քրիստոֆեր Մերֆին Կոնգրեսը շրջանցող գործարքն անվանեց իշխանության չարաշահում, հանրապետական Մարկո Ռուբիոն զգուշացրեց, որ այն մեծ սխալ կդառանա, եթե այնուամենայնիվ տեղի ունենա:

Նշվում է, որ մատակարարվող սպառազինությունների թվում բարձր ճշգրտության կառավարվող հրթիռներ ու ռազմական ինքնաթիռներ են, հաղորդում է Lenta-ն:

Փետրվարին հաղորդվում էր, որ Թրամփի վարչակազմը, հնարավոր է, փորձում է Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել: