Կառավարական ամառանոցում այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է դպրոցների շրջանավարտներին՝ Վերջին զանգի առիթով։ Մինչ ամառանոց հասնելը՝ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում շրնորհավորել է շրջանավարտվերին․ «Ուզում եմ ասել, որ նրանց համար նորանոր հնարավորություններ են ստեղծվելու Հայաստանում, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ հնարավորությունները իրապես կյանքի կոչվեն, և Հայաստանը լինի երազանքները իրագործելու երկիր, տաղանդների երկիր, քանի որ մենք տաղանդավոր ժողովուրդ ենք: Եվ այդ տաղանդով մենք պետք է շենացնենք մեր երկիրը»:

Ամառանոցում բեմ է տեղադրվել, կազմակերպվել է համերգ, որին մասնակցում էին հայ երգիչ-երգչուհիներ։ Նիկոլ Փաշինյանը շրջանավարտների հետ «սելֆի» է արել։

Հիշեցնենք, որ Հայաստանի դպրոցներում այսօր՝ մայիսի 24-ին, նշում են ավարտական դասարանների աշակերտների համար ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին զանգը»։

Այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի 1409 պետական եւ ոչ պետական հանրակրթական դպրոցներում: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարաններն այս տարի ունեն 32.198 շրջանավարտ, իսկ ավագ եւ միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանները՝ 18.996 շրջանավարտ: