ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Մարկոսյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Գայանե Մարկոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,–ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արշակ Հովսեփյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից։ Նա իր ֆեյսբուքյան էջում այս մասին, մասնավորապես,  գրել էր.

«Հարգելի լոռեցիներ, մարզպետարանի հարգելի գործընկերներ։ Վարչապետի թիվ 305-Ա որոշմամբ ես ազատվել եմ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, ոչ իմ դիմումի համաձայն, երեւի թե իմ մասնագիտական հմտությունները եւ իմ գիտելիքները ու մարդկային բարձր որակները չգնահատվեցին եւ չզգացվեց դրա կարիքը։ Այնուամենայնիվ, ես բավականաչափ ուժ եւ կորով ներդրեցի՝ ի փառս մարզի զարգացման, խնդիրների վերհանման եւ բարձրաձայնման։

Այս ամենը, դժբախտաբար, որակվեց որպես ոչ պրոֆեսիոնալիզմ, ուստի շատ չմանրանալով, հայտնում եմ Ձեզ, որ շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքական գործունեությունը, լինելու եմ միշտ Ձեր կողքին եւ ուշի ուշով հետեւելու եմ քաղաքական զարգացումներին, մարզում տեղի ունեցող կադրային քաղաքականությանը եւ իմ կողմից պարբերաբար տեղի ունեցող իրադարձություններին տալու եմ քաղաքական գնահատականներ եւ որակումներ։ Ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ… Ղոչաղ կացեք…»։