Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ մարտի 15-ին երկամսյա կալանքի որոշում է կայացրել ՀԱԿ-ի համակիր, հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի նկատմամբ: Որպես հիմնավորում նշվել է նախաքննությանը չխոչընդոտելը:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ժամը 17-ի սահմաններում Երեւանում «Դինամո» մարզադաշտի մոտից անհայտ անձինք առեւանգել էինՍամսոն Խաչատրյանին եւ տարել անհայտ ուղղությամբ: Ըստ ՀԱԿ-ից ստացված տվյալների, նրա վրա հարձակվողները եղել են դիմակներով: Դրանից որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Ս. Խաչատրյանը ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունքում է, որտեղ նրան ձերբակալել էին:

Նա կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), քանի որ ըստ ոստիկանության տվյալների, Ս. Խաչատրյանը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հարվածել է քաղաքացիական հագուստով ոստիկանին:

Իսկ ահա Ս. Խաչատրյանն ու նրա պաշտպանները, նաեւ դեպքին ականատես ցուցարարները պնդում են, որ միջադեպը հրահրել են քաղաքացիական հագուստներով այդ անձինք, որոնք չեն ներկայացել որպես ոստիկաններ: Նրանց կարծիքով, սա քաղաքական հաշվեհարդար է եւ կապ ունի Ս. Խատատրյանի քաղաքական հայացնքների հետ:

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ով բռնցքամարտիկի հայրենակիցն է (նույնպես Վանաձորից է), այցելել է ձերբակալված մարզիկին եւ կարծում է, որ այդ ձերբակալությունն արդարացված չէ:

Ս. Խաչատրյանին են այցելել նաեւ «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը, ովքեր տեղի ունեցածը սադրանք են որակել: