Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 2 մետրով ընթացիկ հարյուրամյակի վերջում, ինչը կարող է ջրհեղեղի հանգեցնել այնպիսի մեգապոլիսներում, ինչպիսիք են Նյու Յորքն ու Շանհայը: Այդ մասին հաղորդել է PIX11 հեռուստաընկերությունը՝ հղում անելով Proceedings of the National Academy of Sciences of the USA պորտալում հրապարակված հետազոտությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հետազոտողների գնահատմամբ՝ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կարող է արագանալ այն դեպքում, եթե մթնոլորտում ջերմոցային գազերի արտանետման ծավալները չնվազեն: Կլիմայի տաքացման պայմաններում կարագանա սառցե զանգվածների հալոցքը Գրենլանդիայում եւ Անտարկտիդայում: Ըստ ավելի հոռետեսական սցենարի՝ 2100 թվականին Երկիր մոլորակում միջին ջերմաստիճանը կբարձրանա 5 աստիիճանով ըստ Ցելսիուսի, ինչը կհանգեցնի 2 մետրով ջրի մակարդակի բարձրացմանն ու 187 մլն մարդու տարհանմանը 1.79 ք/կմ տարածքից:

Հետազոտության հեղինակները նշում են, որ առավել վատատեսական սցենարի հավանականությունը մեծ չէ՝ շուրջ 5 տոկոս, սակայն պետք չէ անտեսել այն:

«Առաջիկա տասնամյակում համաշխարհային քաղաքականության շրջանում կայացված որոշումներից է կախված Երկիր մոլորակի ապագան եւ պայմանները, որոնցում կապրեն հետագա սերունդները»,-նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Բամբերան:

2013 թվականին ՄԱԿ-ի փորձագետների հրապարակած կանխատեսումների համաձայն՝ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 52-98 սանտիմետրով 21-րդ դարի վերջում, եթե կլիմայական փոփոխությունների տեմպերը պահպանվեն: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ Արկտիկայում կլիմայի տաքացումը տեղի է ունենում շատ ավելի արագ տեմպերով, քան մյուս շրջաններում: