«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի ունեցավ ՀՅԴ կազմակերպած հանրահավաքը, որին սպասվածից ավելի մասնակիցներ կային: Շատ ավելի սպասված ու ակնկալելի էին իշխանական թեւի քարոզչական հնարքները՝ դռոնից նկարներ, այնպիսի ռակուրսով նկարներ, որ քիչ մարդ երեւա, «լրագրողները մասնակիցներից շատ են» ոճի մեջ գրառումներ եւ այլն, այսինքն՝ «գործիքներ», որոնք կիրառում էին նաեւ նախկինները:

Սակայն պակաս հետաքրքիր չէր, որ իշխանություններն այդ հանրահավաքին ունեին իրենց սեփական «դեսանտը»: Թերթի լրագրողը տեսել է, թե ինչպես է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը 4-5 ուղեկիցների հետ «դիրքավորվում» օպերայամերձ սրճարաններից մեկում, ի դեպ՝ ցույցին ամենամոտ հատվածում, եւ ուշադրությամբ հետեւում հնչող ելույթներին ու տրվող գնահատականներին:

Սա էլ, ի դեպ, նորություն չէ. նախկինում էլ իշխանություններն իրենց ներկայացուցիչներին «գործուղում» էին «դեպքի վայր»՝ տեղում առարկայական ու շոշափելի զգալու մթնոլորտը: Ի դեպ, հանրահավաքի ավարտից անմիջապես հետո պատգամավորն ու իր ուղեկիցները շատ արագ լքել են սրճարանի տարածքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում