Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն ասել է, որ Փարիզի դատախազությունը քննարկում է Լիոնում տեղի ունեցած պայթյունի՝ որպես ահաբեկչական դավադրություն լինելու վարկածը։ Պայթյունից տուժել է 13 մարդ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով BFM TV հեռուստաալիքին։

«Փարիզի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը դիմում է ստացել։ Այն սկսել է հանցավոր ահաբեկչական դավադրության հետաքննությունը, բայց պետք է սպասել հետաքննության արդյունքներին, որը ներկա պահին իրականացվում է եւ հանձնարարված է դատական ոստիկանությանը։ Ելնելով արդյունքներից՝ կարելի կլինի հետագայում որակել այս հետաքննությունը»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

Նա ավելացրել է, որ «դեռ շատ վաղ է խոսել ահաբեկչության մասին»։

Լիոնի կենտրոնում պայթյունը որոտացել է ուրբաթ օրը, ժամը մոտ 17.30-ին։ Նախնական վարկածով՝ փողոցում պայթել է ականապատված փաթեթը։ Տուժել է ոչ պակաս, քան 13 մարդ։

Տեսահսկման խցիկների տվյալներով՝ փաթեթը թողել է մի անծանոթ, որը հեծանվով մոտեցել է հացի խանութին։ Փարիզի հակաահաբեկչական դատախազությունը հետաքննություն է սկսել։

Ներկա պահին տղամարդուն որոնում է ոստիկանությունը, նրա անձը պարզված է, բայց չի հրապարակվում։ BFMTV հեռուստաալիքը նշում է, որ որոնվողը 30-35 տարեկան է։ Նրա հագին եղել է սեւ սվիտեր, բաց գույնի անդրավարտիք, սեւ ակնոցներ է կրել։