Ինդոնեզիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատար եւ նախագահի ընտրություններում հաղթած նախագահի մրցակից Պրաբովո Սուբիանտոն միջնորդությամբ դիմել է սահմանադրական դատարան՝ վիճարկելու վերընտրված Ջոկո Վիդոդոյի հաղթանակը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Straits Times-ին։

Թերթի տվյալներով՝ Սուբիանտոն միջնորդություն է ներկայացրել փոխնախագահի թեկնածու եւ Ջակարտայի նախկին նահանգապետ Սանդիագո Ունոյի հետ։

«Այս ճանապարհը, որը մենք ընտրել ենք, պահանջել է ինդոնեզացի ժողովուրդը հուսահատության եւ մտահոգության պատճառով, թե ինչպես են անցկացվել ընտրությունները»,- ասել է Ունոն միջնորդությունը ներկայացնելուց առաջ։

Ինչպես տեղեկացնում է թերթը, դատարանի ներկայացուցիչ Ֆաջար Լաքսոնոն ասել է, որ դատավորները հայցը կքննարկեն հունիսի 14-ին եւ որոշում կկայացնեն հունիսի 28-ին։

Անկարգություններն Ինդոնեզիայի մայրաքաղաքում սկսվել են երեքշաբթի, համընդհանուր ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։ Պարտված թեկնածուի՝ պաշտոնաթող գեներալ Պրաբովո Սուբիանտոյի կողմնակիցները ցույցի են դուրս եկել, որպեսզի հայտարարեն, որ համաձայն չեն հրապարակված արդյունքների հետ։ Նրանք պնդել են, որ ընտրությունների օրը եւ ձայները հաշվարկելու ժամանակ թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ հօգուտ գործող նախագահ Ջոկո Վիդոդոյի, որն ընտրվել է երկրորդ ժամկետով։ Ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Վիդոդոն հավաքել է ձայների 55,5 տոկոսը, Սուբիանտոն՝ 45,5։

Անկարգությունների ժամանակ դանակի եւ հրազենային վերքերից զոհվել է 8 մարդ, մոտ 300 հոգի տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։ Իշխանությունների հայտարարության համաձայն՝ ոստիկանները զինված չեն եղել ոչ հրազենով, ոչ սառը զենքով։