Նախօրեին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այցելել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կառուցվող նոր շենքի շինհրապարակ եւ ծանոթացել շինարարական աշխատանքներին։

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, որին պատկանող «Քարթու» հիմնադրամը հանձն է առել հայկական թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների ֆինանսավորումը։ Ըստ քաղաքապետի, «Քարթու հիմնադրամն» արդեն ֆինանսավորել է 900 հուշարձանների վերականգնման աշխատանքներ, իսկ առհասարակ բարեգործության համար ծախսել է շուրջ 3 միլիարդ լարի (1.08 միլիարդ դոլար)։

Հայկական թատրոնի շենքի հետ կապված նախ որոշվել էր վերանորոգում իրականացնել, սակայն շինարարական աշխատանքների մեկարկից հետո պարզվել էր, որ վերանորոգումն անհնար է՝ շենքի ծայրահեղ վատ վիճակում լինելու պատճառով։ Դրանից հետո որոշվել էր հին շենքը քանդել եւ նորը կառուցել։

Հայկական թատրոնի նոր շենքը պատրաստ կլինի 2020 թ․ դեկտեմբերին, կունենա 6403 ք/մ տարածք, եւ 607 հանդիսականի համար նախատեսված դահլիճ։ Նախագծի արժեքը կազմում է 18 միլիոն լարի։

Նշենք, որ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն է աշխարհում: Թատրոնը հիմնվել է 1856 թվականին վիրահայ համայնքի ջանքերով: 1910-ականներին դերասանական կազմի մեջ են եղել բեմի վարպետներ Հասմիկը, Ալիխանյանը, Պետրոս Ադամյանը, Օ. Գուլազյանը, Քնարիկը, Մ. Մանվելյանը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը:

1921 թվականի մայիսի 1-ին թատերախումբը ստացել է պետական թատրոնի կարգավիճակ եւ կոչվում Ստեփան Շահումյանի անվան հայկական թատրոն։ 1991 թվականին թատրոնը վերանվանվել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի։