Առնվազն մեկ մարդ է զոհվել ուրբաթ Cessna Citation V ոչ մեծ ինքնաթիռի կործանվելու պատճառով, որն ընկել է Ատլանտյան օվկիանոս Ֆլորիդայի ափերին։ Ինչպես ասվում է շաբաթ Թվիթերում ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (ԴԱՎ) տարածած հայտարարությունում, բիզնեսջեթում, նախնական տվյալներով, միայն օդաչուն էր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ողբերգությունը տեղի է ունեցել Ֆորտ Լոդերդեյլ նավահանգստից մոտ 200 կիլոմետր հեռու։ Ինքնաթիռը Իլինոյսից մեկնում էր Ֆլորիդա։ ԴԱՎ տվյալներով՝ կարգավարները կորցրել են կապն ինքնաթիռի հետ աղետից մոտ մեկ ժամ առաջ։

Ինչպես նշում է The New York Times թերթը, այն բանից հետո, երբ Cessna-ն դադարել է պատասխանել կարգավարական ծառայության հարցումներին, զինվորականները երկու F-15 կործանիչ են ուղարկել։ Հենց կործանիչները մոտեցել են Cessna-ին, բիզնեսջեթը սկսել է կտրուկ իջեցնել բարձրությունը եւ ընկել է օվկիանոս։ Ինքնաթիռի վրա կրակ չեն բացել, ճշտել է Հյուսիսային Ամերիկայի Աերոտիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության ներկայացուցիչը։