Իլհամ Ալիեւի «ջոջուղ-մարջանլիսյան ուղերձը» հիշեցնում է Ադոլֆ Հիտլերի հռետորաբանությունը, որը նա օգտագործում էր նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության համագումարներում։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հերթական հակահայկական հայտարարությունը։

«Անկախ ամեն ինչից, պետք է խոստովանել, որ Ալիեւը ազնիվ է իր խոսքերում եւ գործողություններում։ Նա չի թաքցնում Արցախը ոչնչացնելու մտադրությունը։ Ճիշտ այնպես, ինչպես Հիտլերն էր հայտարարում այս կամ այն ժողովրդին ոչնչացնելու մասին։ Նվազագույն հնարավորության դեպքում Ադրբեջանը, նացիստական Գերմանիայի օրինակով, կստեղծի Արցախի տարածքում տասնյակ համակենտրոնացման ճամբարներ։ Ահա թե ինչի է ձգտում Ադրբեջանը, եթե հնարավորություն ստանա հարցը լուծել ուժով»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար հնչող մեղադրանքներին միջազգային հանրության հասցեին իբր երկակի չափորոշիչների մասին, Դավիթ Բաբայանը հիշեցրել է, որ միջազգային հանրությունը մինչեւ հիմա համարժեք գնահատական չի տվել Բավքում, Սումգաիթում, Կիրովաբադում հայերի կոտորածին։

«Դրա փոխարեն, Ադրբեջանում իրականացվում է մասշտաբային մարզական միջոցառում, որին հայերին թույլ չեն տալիս մասնակցել։ Գտնվեցին կարգին մարդիկ, ովքեր հրաժարվեցին գնալ Բաքու, բայց ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը լուռ է մնում Ադրբեջանի նացիստական հռետորաբանության հանդեպ։ Բայց չէ՞ որ երկրպագուների խտրականության եւ այն իրավիճակի լավագույն պատասխանը, երբ Հենրիխ Մխիթարյանն ստիպված էր հրաժարվել մրցաշարին մասնակցությունից, պետք է լիներ Բաքվի խաղը չեղարկելու որոշումը»,- ամփոփել է Դավիթ Բաբայանը։