Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են 3 մարդու, որոնք մեղադրվում են առանձնապես ծանր հանցագործության՝ «գողական աշխարհի» անդամների դեմ  քրեական գործով  կեղծ ցուցմունքներ տալու համար: Այս մասին նշվում է ՆԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում, հաղորդում է«Նովոստի Վրաստանը»:

Մեղադրյալներն են 28-ամյա Ա. Ն.-ը, 36-ամյա Տ. Կ-ն եւ 33-ամյա Տ. Մ.-ն: Առաջինին ոստիկանները ձերբակալել են Թբիլիսիում, իսկ մյուս երկուսին՝ Ցալկայում՝ (Կվեմո Կարտլի տարածաշրջան):

Քննությունը պարզել է, որ, երբ դատաքննության ժամանակ մեղադրյալներին հարցաքննել են որպես վկա, նրանք կեղծ ցուցմունքներ են տվել արդարադատությանը խոչընդոտելու համար: Գերատեսչությունում նշում են, որ ցուցմունքները վերաբերել են անձանց, որոնք մեղադրվում են գողական աշխարհի անդամակցության մեջ, գողական հավաքներին մասնակցելու եւ գողական աշխարհի գործունեությանն աջակցելու համար:

Քննությունը շարունակվում է առանձնապես ծանր հանցագործության կատարման հետ կապված վկայի կամ տուժողի կողմից կեղծ ցուցմունքներ տալու հոդվածով: 3 ձերբակալվածներին 3-7 տարի ազատազրկում է  սպառնում: