Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից, մայիսի 24-ին, «Մարտունի» ԲԿ է տեղափոխվել 33-ամյա Արամ Ա.-ն՝ գլխին ունեցած պատռված վերքերով: Նախնական տեղեկություններով, տղամարդը բարձրացել է իրենց տան հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության վրա ու նետվել փողոցում թափված քարերին՝ փորձելով կյանքին վերջ տալ։

Հարեւանները նկատել են եւ 33-ամյա Արամին տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի առնչությամբ Ներքին Գետաշեն համայնքի ղեկավար Կարո Գեւորգյանը NEWS.am–ին ասաց, որ Արամն ամեն տարի գնում էր արտագնա աշխատանքի, ամուսնացած է, ունի երկու երեխա, բնակվում է ծնողների հետ. «Գյուղում լուրեր են պտտվում, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել վերջին ժամանակահատվածում, որոնք նախկինում չեն եղել։ Դեպքը նոր է տեղի ունեցել, կոնկրետ չգիտենք պատճառն ինչ է, կամ նա ինչպես է»,– ասաց համայանքապետը, հավելելով, որ անգամ տեղյակ չեն Արամ Ավետիսյանը ունեցել է ֆինանսական խնդիրներ, թե՝ ոչ եւ որն է ինքնավնասման պատճառը։