Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արեւելք հավելյալ 1,5 հազար զինծառայող ուղարկելու որոշումը սպառնալիք է ներկայացնում անվտանգության եւ կայունության համար: Այս մասին նա ասել է IRNA գործակալության հարցազրույցում:

«Այդ գործողությունները սպառնում են գլոբալ խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է Զարիֆը:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Իրանի հասցեին, որպեսզի արդարացնի իր ագրեսիվ քաղաքականությունն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ:

Իրանի արտաքին գործերի նախարարը նաեւ ասել է, որ նման քայլը միայն կմեծացնի Պարսից ծոցում լարվածությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր Մերձավոր Արեւելք հավելյալ 1,5 հազար զինծառայող ուղարկելու մասին: