Միջազգային հանրությունը եւ մենք ինքներս դատաիրավական համակարգի հարցում դատելու ենք արդյունքով: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը:

«Ամեն ինչը դատում են արդյունքով. եթե մեր գործողությունները նպաստելու նրան, որ ունենանք ազատ, արդար ու անկախ դատական համակարգ, բոլորը մեզ կծափահարեն, եթե ոչ՝ միշտ էլ փորձելու են դատափետել։ Այսինքն եւ արված կոչերը կհիշեն, եւ գործողությունները կհիշեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե շատ են խոսում այն մասին, որ որոշ ուժեր փորձում են սեպ խրել Հայաստան-Արցախ հարաբերություններում, Թեւան Պողոսյանն արձագանքեց. «Այո, կա այդպիսի ուժ, կոչվում է Ադրբեջան եւ Թուրքիա: Հայաստանում եւ «յան» ազգանունով ուժեր ես չեմ պատկերացնում, որ կան: Մենք կարող ենք քննարկել, որ ամեն մեկս ունի տարբեր տեսակետներ, թե ոնց հասնենք միասնության, ոնց մեր անվտանգության խնդիրները լուծենք եւ այլն, բայց միակ ուժը, որը փորձելու է սեպ խրել եւ եթե մենք էլ թույլ տանք դրանից օգուտ է քաղելու, դա մեր թշնամիներն են, ոչ թե հայերը»:

Բոլոր միջազգային կառույցները իրենց աջակցությունն են հայտնել դատաիրավական բարեփոխումներին՝ մտահոգություն հայտնելով միայն վարչապետի՝ դատարաններ փակելու կոչի առիթով»,-հավելեց նա: