Էստոնիայի արտաքին առեւտրի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Կոնսերվատիվ ժողովրդական կուսակցության անդամ Կերտ Կինգոն հայտարարել է, որ արտասահմանյան այցերի ընթացքում կխոսի միայն իր մայրենքի լեզվով: Նախարարի հայտարարությունը քննադատել են մի շարք քաղաքական գործիչներ, հաղորդում է «Սպուտնիկ Էստոնիա» -ն:

Պարբերականի տեղեկություններով՝ նախարարը մտադիր է առավել քիչ մեկնել արտասահման, սակայն եթե անհրաժեշտ լինի, նա կխոսի միայն իր մայրենի լեզվով:

«Շատ երկրների ներկայացուցիչներ խոսում են իրենց լեզվով, եւ դա համապատասխանում է մեր կուսակցության հայացքներին»,- ասել է Կինգոն՝ հավելելով, որ թարգմանչի կիրառումը կապ չունի օտար լեզվի չիմացության հետ:

Նրա հայտարարությունը քննադատության է արժանացել մի շարք քաղաքական գործիչների շրջանում: Երկրի նախկին վարչապետ Տաավի Ռիյվասը սոցցանցում գրել է, որ նախարարի խնդիրն է այցելել տարբեր երկրներ, օգնել Էստոնիայի ձեռնարկատերերին դուրս գալ արտաքին շուկաներ եւ ներդրումներ ներգրավել:

«Դա պետք է անել ոչ թե մեկ, այլ մի քանի լեզուներով՝ լսարանին գրավելով խոսքով»,- ասել է նա:

Եվրապատգամավոր Ուրմաս Պաետն էլ կարծիք է հայտնել, որ նախարարը չի հասկանում իր խնդիրը:

«Առաջին հերթին, նա պետք է գրավի արտաքին շուկան հենց անգլերենով: Ցավոք, նախարարը չի հասկանում իր խնդիրը»,- ասել է Պաետը:

Իր հերթին, «Էստոնիա 200» ոչ խորհրդարանական կուսակցության ղեկավար Կրիստինա Կալասը ասել է, որ Կինգոն չի տիրապետում այլ լեզուների եւ չի ցանկանում իր երկիրը ներկայացնել բարձր մակարդակով: