Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականի մասին հայտարարությունից հետո Պահպանողական կուսակցության եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մտադրության մասին արդեն հայտարարել է յոթ բրիտանական քաղաքական գործիչ:

Sky News-ի հաղորդմամբ, իրենց թեկնածությունն առաջադրելու մասին հայտնել են, մասնավորապես, ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը եւ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը:

Այսպես, կիրակի Ռաաբը The Daily Mail պարբերականին տված հարցազրույցում խոստացել է պայքարել բրեքզիթի շուրջ ավելի արդարացի գործարքի համար:

Լինդսոմը, որի հեռանալը ներքին պալատի առաջնորդի պաշտոնից փաստացի արագացրեց Մեյի հրաժարականը, հայտարարել է, որ ինքն ունի անհրաժեշտ փորձն ու վստահությունը «երկիրը դեպի լուսավոր ապագա տանելու համար»:

Միջազգային զարգացման հարցերով նախարար Ռորի Սթյուարտը, որը նույնպես հայտարարել է ընտրություններին առաջադրվելու մասին, քննադատել է իր նախկին ֆավորիտ, արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնի ծրագրերը: Վերջինս Շվեյցարիայում համաժողովի ժամանակ վստահություն է հայտնել, որ Լոնդոնը կարող է դուրս գալ ԵՄ-ից առանց Բրյուսելի հետ գործարքի արդեն աշնանը, հաղորդում է DW-ը:

Առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Մեթ Հենքոկը, որը ավելի վաղ հաստատել էր իր թեկնածությունը, Ստյուարտի պես դեմ է կոշտ բրեքզիթին:

Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի մեկ այլ թեկնածուն աշխատանքի եւ կենսաթոշակների նախկին նախարար Էսթեր Մաքվին է:

Եւ թենկածուների յոթյակն ամփոփում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը:

Թերեզա Մեյը կհեռանա իր պաշտոնից հունիսի 7-ին: Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը հունիսի 16-ն է: Այնուհետեւ պահպանողականները կանցկացնեն մի շարք քվեարկություններ, որոնց արդյունքում կկրճատվի թեկնածուների քանակը՝ հասնելով 2-ի: Ակնկալվում է, որ հունիսի 18-ից նրանք կսկսեն նախընտրական քարոզարշավը երկրում: Համընդհանուր քվեարկությունը, հավանաբար, կկայանա հուլիսի կեսերին: