Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը եւ Իրաքի նախագահ Բահրամ Սալիհը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը տարածաշրջանում կայության ամրապնդմանը նպաստելու նպատակով, հաղորդում է Mehr-ը:

Երկու կողմերն ընդգծել են Իրանի եւ Իրաքի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը ներկայիս լարվածությունը թուլացնելու եւ տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու համար:

Սալիհն իր կողմից հայտարարել է, որ Իրանի եւ մյուս իսլամական պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդումը լավագույն տարբերակն է տարածաշրջանում անվտանգություն ապահովելու եւ տարածաշրջանի երկրների, մասնավորապես, հարեւանների միջեւ բալանսավորված կապեր հաստատելու համար:

Բաղդադ ժամանելուց հետո իրանցի դիվանագետը հանդիպել եւ բանակցություններ է վարել Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիի հետ: Նրանք քննարկել են տարածաշրջանում վերջին իրադարձությունները եւ ԱՄՆ-ի միակողմանի գործողությունների դեմ Իրանի կողմից ձեռնարկված հակամիջոցառումները:

Զրուցակիցները նշել են, որ ինչպես Իրանը, այնպես է Իրաքը տուժել են Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից՝ ընդգծելով, որ միջուկային համաձայնագիրը պետք է պահպանել: