Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հերքել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի հավանականությունը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Պոմպեոն ցուցաբերում է իմ նկատմամբ անհարգալից վերաբերմունք ամեն անգամ, երբ խոսում է Իրանի մասին: Ինչո՞ւ ես պետք է պատասխանեմ նրա զանգին»,-ասել է նա:

Նշենք, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունները վատթարացել են միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալուց եւ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելուց հետո: Մայիսի 8-ին Իրանը հայտարարել էր, որ դադարում է կատարել իր պարտավորություններն այդ համաձայնագրի շրջանակներում: Վաշինգտոնը հայտարարել է տարածաշրջանում ամերիկյան ուժերի եւ ԱՄՆ-ի դաշնակիցների նկատմամբ Իրանի «սպառնալիքների» մասին, ինչից հետո Պարսից ծոց է ուղարկել ավիակիր եւ ռմբակոծիչներ:

ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել Իրանին վարել ուղիղ բանակցություններ: Սակայն Թեհրանը հայտարարել է, որ չի բանակցի ճնշման ներքո: